Ալ սրտերով կեռասենին

Տարիներ առաջ, երբ ես փոքր էի, մեր փողոցում մի Մարդ էր ապրում, որը երբեք չէր ստում։
Նրա տունը փոքր էր՝ ներկված կանաչ գույնով, և նա այնտեղ միայնակ էր ապրում։
Բակում մի կեռասենի կար, որը ծաղկում էր սպիտակ ծաղիկներով, և թաղի բոլոր կեռասենիներից միակն էր, որի պտուղները, երբ հասունանում էին, մնում էին չքաղված։
Այղ Մարդն ուներ նաև մի մեծ կարմիր աքաղաղ։ Նա քնում էր կեռասենու վրա, և գարնանն այնպես էր թվում, թե սպիտակ գույնի մեջ կորած կեռասենին մի մեծ ալ կարմիր սիրտ ունի։
Ամբողջ փողոցը ճանաչում էր այղ Մարդուն, նա կնքել էր բոլորի երեխաներին և հարսանիքներին միշտ նստում էր սեղանի կենտրոնում։
Փողոցի բնակիչները շատ էին հարգում նրան, իսկ մենք՝ երեխաներս, մեզ հարց էինք տալիս, թե նա ինչու կրկես չի գնում՝ այն մարդու նման ցուցադրվելու, որը կշռում է երեք հարյուր կիլոգրամ, և որի տաբատից կարելի է մի նավի առագաստ պատրաստել։ ժողովուրդը կխմբվի, տոմսերը ձեռքից ձեռք կթռցնեն, իսկ կրկեսից կկանչեն.
– Այս կողմը, ժողովուրդ։ Մեծ ներկայացում, չտեսնված համար, իր տեսակի մեջ եզակի. Մարդ, որը երբեք չի ստում։
Երեկոյան, երբ արևը մայր էր մտնում, և ամեն ինչ կարմիր մառախուղի մեջ դառնում էր տարտամ, նա նստում էր բակում և աքաղաղի հետ զրույց անում։ Ինչից էին խոսում այղ երկուսը՝ ոչ ոք չգիտեր։
Մի օր էլ աքաղաղն անհետացավ։
Երբ երեկոյան Մարդը եկավ՝ նրան տեսնելու, աքաղաղը կեռասենու վրա չէր։
Մարդը, որը երբեք չէր ստում, տակնուվրա արեց բակը, սակայն նրան չգտավ։ Այղ ժամանակ նորից նստեց իր հին տեղում և սկսեց նայել աստղերին։
Երբ փողոցի մարդիկ իմացան, որ աքաղաղը չկա, ընկան մտածմունքների մեջ, թե ով է արդյոք գողացել։
Պարզ էր մի բան. անողը մեր փողոցի մարդ չէր։ Սակայն կարող էր և մեր փողոցից լինել, և սա ամենաշատն էր անհանգստացնում մարդկանց։
– Պարզապես կորել է ինչ-որ տեղ, – ասում էր Մարդը նրանց։ – Այդքան մի անհանգստացեք ինչ-որ աքաղաղի համար։
Փողոցը տարօրինակ ձևով խաղաղվեց, և նրա տարբեր կողմերից անսպասելիորեն լսվում էին միայն երեխաների լացի գոռգոռոցներ։ Հայրերը, որոնք նրանց ծեծում էին, չգիտեին՝ ինչու էին այդպես վարվում, սակայն զգում էին, որ պետք է մի բան անեին։
Այղ գիշեր շատ մութ էր. ոչ լուսին կար, ոչ աստղեր. հավանաբար ինչ-որ մեկը դրանք էլ էր գողացել։
Հաջորդ օրը ձախակողմյան հարևանները Մարդու մոտ բերեցին մի կարմիր աքաղաղ և ասացին, որ նրան գտել են իրենց բակում՝ հավերի մոտ։
Մարդն ասաց, որ ղա իր աքաղաղը չէ, բայց նրանք հավատացնում էին, որ նրանն է, միայն թե մի քիչ փոխվել է, որովհետև մի ամբողջ գիշեր հավերի մեջ է եղել։
Թողեցին աքաղաղն ու արդեն գնում էին, երբ աջակողմյան հարևանները մի կարմիր աքաղաղ բերեցին և ասացին, որ իբր թե այն իրենց թթենու վրա էր բարձրացել։
Մինչև երեկո երբեք սուտ չխոսող այղ Մարդու բակում, որտեղ միայն մեկ կեռասենի կար, հավաքվեցին տասնմեկ աքաղաղներ։ Խոշոր, կարմիր ու հպարտ։
Մարդիկ կեռասենու վրա բարձրացրին բոլոր աքաղաղներին, և կեռասենին դարձավ տասնմեկ մեծ, ալ կարմիր սրտերով։
Իսկ հաջորդ երեկոյան երբեք սուտ չխոսող Մարդու աքաղաղը վերադարձավ։
Երջանիկ Մարդը կանգնած էր բակում և թաղի մարդկանց էր վերադարձնում աքաղաղները։
Բոլորն ուրախացել էին, որ աքաղաղը գտնվել է։
Միայն ես չգիտեի ինչ մտածել երբեք սուտ չխոսող այղ Մարդու մասին, որովհետև առավոտյան տեսել էի, որ նա շուկայից մի մեծ կարմիր աքաղաղ էր գնում։

Թարգմանություն Լիանա Ղազարյան